Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելու, բարձրաձայն երգելու կամ երաժշտական գործիքներ նվագելու կամ ձայնային ազդանշաններ տալու կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելու՝ բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելու համար, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը։
Նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը պատասխանատվություն է սահմանել նաև գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար։
ԱՀ ոստիկանությունը հորդորում և պահանջում է խստիվ պահպանել օրենսդրության պահանջները և սեփական տոնակատարության ընթացքում չխաթարել այլ անձանց խաղաղ հանգստի իրավունքը։
Արցախի Հանրապետության ոստիկանություն