Բաժիններ՝

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնության ուղերձը ՀՀ իշխանություններին, ոլորտի մասնագետներին և հասարակությանը

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնությունը՝ ՖԱՀՖ, որի առաջին հավաքը տեղի է ունեցել 2018թ-ի հուլիսի 19-ին, իր գոյության կարճ ժամանակահատվածում դարձել է հայրենական կինոարտադրության ոլորտում տեղի ունեցող զարգացումների հիմնական կատալիզատորն ու առանցքային դերակատարներից մեկը:

ՖԱՀՖ-ը հիմնադրման պահից հայտարարել է հայկական կինոյի պետական կառավարման անարդյունավետության, ստվերայնության, կոռումպացվածության մասին, համարելով կինոյի պետական կառավարման արատավոր համակարգը Հայաստանում կինոյի զարգացման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը: Նախաձեռնությունը չի թաքցրել, որ պայքարելու է այդ համակարգը արմատապես բարեփոխելու, տասնամյակներ շարունակ հայկական կինոն ի պաշտոնե կամ ստվերային կառավարող մարդկանց համակարգից հեռացնելու համար:

2018թ-ին ՖԱՀՖ-ի ակտիվ պայքարն ու կոշտ քննադատությունը նպաստել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ընդունած անօրինական կանոնակարգի չեղարկմանը և նոր կանոնակարգի մշակմանը, իսկ դեկտեմբերին ՖԱՀՖ-ի հետևողական պնդումների արդունքում հրապարակվել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի Հայկ կինոստուդիա» ՊՈԱԿ-ների միջոցով պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկն ու գումարների չափը։

2019թ-ի սկզբին ՖԱՀՖ-ը, վերլուծելով վերջին տարիներին Հայաստանում պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերի վարձույթում և միջազգայնի կինոփառատոներում արձանագրած աղետալի վիճակագրությունը, համակարգելով հետխորհրդային և արևելյան Եվրոպայի երկրների կինոյի պետական կառավարման հաջողված փորձը, ՀՀ կառավարությանը առաջարկել է կինոյի պետական կառավարման նոր համակարգի նախագիծ։

ՖԱՀՖ-ի կողմից մշակված այդ համակարգի առանցքը ՀՀ պետական բյուջեով կինոյին հատկացվող գումարների արդյունավետ տնօրինումն է, ներքին շուկայում պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերի վարձույթի նոր մեխանիզմի գործարկումը և միջազգային կինոարդյունաբերության մեջ Հայաստանի ներկայացվածության խթանումը։

ՖԱՀՖ-ի առաջարկած նոր համակարգի լիարժեք կիրառման արդյունքում առաջիկա 3-4 տարիներին հայկական կինոարտադրությունը կարող է գրանցել արտադրական ծավալների, այդ թվում հայկական ֆիլմերի ներքին վարձույթում արձանագրված արդյունքների և հայկական կինոնախագծերում միջազգային ներկայացվածության շեշտակի աճ:

ՖԱՀՖ-ը ուրախ է արձանագրել, որ հայրենական կինոյի արդյունավետ պետական կառավարման նոր համակարգի հիմքում դրված իր գաղափարները ամբողջությամբ համընկնում են Հայաստանում պետական կառվարման նոր գաղափարախոսության և ռազմավարության հետ։

ՖԱՀՖ-ը հաստատակամ է Հայաստանում կինոարտադրության արմատական բարեփոխման իր տեսլականը իրականացնելու գործում և ազդարարում է այդ բաղձալի նպատակին հասնելու համար ՀՀ-ում գործող կինոյի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ՝ արդյունավետ համագործակցության գործընթաց սկսելու մասին:

Ուղերձն ընդունված է ՖԱՀՖ 10-րդ Հավաքի մասնակիցների և հաստատված է ՖԱՀՖ անդամների կողմից միաձայն։

20-03-2019թ․ ք․ Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս