«Սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տեւեց՝ ավելի քան 4 ժամ: Փաշինյանը չշրջանցեց նաեւ նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, եւ մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միեւնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա:
Այո, նախկին իշխանությունների եւ հասարակության միջեւ անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր: Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը եւ նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը:
Ու որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միեւնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել եւս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով:
Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաեւ ուժային կարեւոր կառույցներում:
Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն:
Հիմա Փաշինյանը որքան էլ ոգեւորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միեւնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: