Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ քաղաքները
Սինգապուրը, Փարիզը եւ Հոնկոնգն ըստ ապրուստի արժեքի առաջին տեղն են կիսում ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել է Economist Intelligence Unit հանդեսը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել է Սինգապուրը:
Ինչպես նշվում է, այդ երեք քաղաքներում ապրուստի արժեքը 7 տոկոսով ավելի բարձր է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել է մի քանի դիրքով եւ տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել-Ավիվի հետ: Թոփ-տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնեւ եւ Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաեւ հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը եւ Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը:
Ինչպես նշում է հանդեսը, ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով: 2019 թվականի ամենաէժան քաղաքների թվում նշվել են Հնդկաստանի Բանգալոր, Չեննայ եւ Նյու Դելի քաղաքները, ինչպես նաեւ պակիստանյան Կարաչին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: