Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորները կոչ են արել՝ սոցցանցերից կախվածությունը դիտարկել որպես հիվանդություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ սոցիալական ցանցերից կախվածությունը պետք է դիտարկել «որպես հիվանդություն», «հոգեկան խանգարման ձեւ»: Ինչպես մարտի 18-ին հաղորդել է The Guardian թերթը, այս կարծիքը նրանք հայտնել են զեկույցում, որը պատրաստվել է սոցիալական ցանցերի, հոգեկան առողջության եւ երիտասարդության բարեկեցության հարցերով զբաղվող միջկուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ Առողջապահության թագավորական ընկերություն բարեգործական կազմակերպության աջակցությամբ։

Փաստաթղթի հեղինակների եզրակացությունների համաձայն, ծանրակշիռ պատճառներ կան խոսելու այն մասին, որ այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք են՝ Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը, որոնք մրցակցային պայքար են մղում, որպեսզի օգտատերերն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց հարթակներում, կարող են «ավերիչ ազդեցություն» ունենալ երեխաների վրա:

«Չափազանց կարեւոր է, որ մենք երիտասարդներին պաշտպանենք եւ ապահովենք նրանց անվտանգությունն ու առողջությունը գլոբալ տեղեկատվական ցանցն օգտագործելու ժամանակ»,-նշում են զեկույցը կազմողները: Նրանք Մեծ Բրիտանիայի կառավարությանը հորդորել են՝ անհետաձգելիորեն նախաձեռնել բազմակողմանի հետազոտություն եւ որոշել՝ հարկ է արդյոք սոցցանցերից կախվածությունը համարել բուժման ենթակա հիվանդություններից մեկը:

Խորհրդարանականների կարծիքով՝ պետք է սոցցանցերի եկամտի 0,5 տոկոսի չափով նոր հարկ սահմանել դրանց համար՝ մասնագիտացված հետազոտությունների ֆինանսավորման, կրթական նախագծերի եւ հանրության համար մեթոդական ձեռնարկների պատրաստման նպատակով: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունը ներառել է Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր, տասնմեկերորդ հրատարակության (ՀՄԴ-11) մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս