«Իրավիճակը դառնում է շատ վտանգավոր». Արա Մարջանյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին օրերս հրապարակված Եվրոպական միության տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել նաև գազային ծրագրերին։ ԵՄ-ն ակնկալում է, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք ԵՄ պետք է հասնեն 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2.6 տրիլիոն խմ։

Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Շահ Դենիզ 2 փուլի գազը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար, որոշակի նշանակություն ունի՝ Թուրքիայի, և գրեթե զրո նշանակություն ունի Եվրոպայի համար, սակայն Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունի ադրբեջանական գազի տրանզիտի հարցի կապումը միջինարևելյան հանրապետությունների՝ Թուրքմենիայի և Ղազախստանի գազի պաշարները դեպի Եվրոպա հասցնելու հարցը։ Ուստի, ըստ նրա, եվրոպական աշխարհաքաղաքականությունը դիտարկում է ղազախական և թուրքմենական գազի տեղափոխման հարցը՝ ադրբեջանական Շահ Դենիզի գազի հետ մեկտեղ։

Թե գազային շահերն ի՞նչ ազդեցություն ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ա.Մարջանյանը նշեց, որ եվրոպական էներգետիկ քաղաքականության տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության հարցը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, բացի գազատրանսպորտային ուղիների անվտանգության տեսանկյունից. «Այստեղ կարծես երկրորդ անգամ, ինչպես հատուկ է պատմությանը, այս անգամ՝ ֆարսի տեսքով, կրկնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ծրագրի պատմությունը։

Այն ժամանակ խոսքը գնում էր ադրբեջանական հարուստ Ազերի-Չըրաղ-Գյունեշլի նավթահանքից գազի տեղափոխման մասին։ Մասնագիտական լուրջ գնահատականների համաձայն՝ Շահ Դենիզի գազի պաշարները ռազմավարական չեն, և համեմատելի չեն Ազերի-Չըրաղ-Գյունեշլիի գազի հետ՝ ո՛չ ծավալներով, ո՛չ գոյացվելիք փողի տեսանկյունից։ Սա, իհարկե, չի նշանակում, որ հարցը մեզ համար կարևոր չէ, հարցը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ունի շատ կարևոր նշանակություն, քանի որ նշանավորում է, այսպես կոչված, Կասպիցի դելիմիտացիա գազային վերջնախաղի հարցում։

Խոսքն ի հակադրություն Իրանի՝ տրանսկասպյան ծրագիր իրականացնելու մասին է, որով Թուրքմենիայի և Ղազախստանի գազն Ադրբեջանով կհասնի Եվրոպա, ինչը կսնուցի ադրբեջանական ռազմատենչ և ռևանշիստական քաղաքականությունը տարածաշրջանում և կվտանգի Հայաստանի, Արցախի, Իրանի և Վրաստանի անվտանգությունը»։

Ա.Մարջանյանը միաժամանակ նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ Ադրբեջանի ածխաջրատներն անգամներով նվազել են՝ 5-6 տարի առաջվա համեմատ մոտ 4-5 անգամ, ինչի հետևանքով նվազում է պետբյուջե ֆինանսների հոսքը և սրվում է տնտեսական իրավիճակն այդ երկրում.

«Զուր չի, որ մենք 2018 թ. փաստեցինք Ադրբեջանում սուր էներգետիկ ճգնաժամի ձևավորման հանգամանքը։ Բայց թե ինչ ազդեցություն դա կունենա, դժվար է ասել. այն մի կողմից՝ թուլացնում է տնտեսությունը, և մի կողմից՝ լարում ներքին քաղաքական իրավիճակը՝ Ադրբեջանի իշխանությանը ստիպելով թիրախներ փնտրել արտաքին ուղղությամբ։ Այնպես որ, իրավիճակը դառնում է շատ վտանգավոր»։

Տեսանյութեր

Լրահոս