ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը մերժվեց. պաշտպանները կբողոքարկեն

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռ. Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման առթիվ:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ չտալու որոշումը խոսում է այն մասին, որ այդ գործը որևէ մեկին չի հետաքրքրում, և այդ գործով որևէ բացահայտում անելու նպատակներ չունեն։

«Դատական նիստի ընթացքում խոսակցության հատվածներ ընթերցվեցին, մասնավորապես՝ դրանք վերաբերում էին խոսակցության այն հատվածին, երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերը խոսում են, թե դատավորը զանգել է, ասել են, որ «ուզած-չուզած՝ կալանքը պետք է տա»։ Բացի այդ, ՀՀ վարչապետի ելույթը նաև խորհրդարանում, որ զանգել են դատարանից ու «տրիվոգա» դրել, թե դատական գործը ջուր է, և երկրորդ  ձայնագրությունից հատվածներ ևս կան, որոնք ամբողջությամբ վերաբերում են դատավորի հետ ունեցած կապին»,- ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են, սակայն դեռևս չգիտեն, թե որ ատյանում կներկայացնեն բողոք։

«Այսօրվա դրությամբ Վճռաբեկ դատարանն այսուհետև արդյունավետ ատյան չէ, որովհետև եթե այն արդարադատություն իրականացնելու նպատակ ունի, ապա մեր ներկայացրած բողոքները քննության կառներ։ Բայց մենք տեսել ենք այն տարբերակված մոտեցումը, երբ բողոք է ներկայացնում Դատախազությունը, շատ կարճ ժամկետում բողոքն առնում են քննության, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է, իսկ երբ պաշտպանական կողմն է բողոք ներկայացնում, արդեն երրորդ ամիսն է՝ որևէ նորություն չկա։ Այս հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ թերահավատորեն ենք մոտենում Վճռաբեկ դատարանի օբյեկտիվությանը»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս