Ռուսաստանը և ԱՄՆ-ը միասին կպատրաստվեն դեպի Լուսին օդաչուավոր թռիչքին. «Իզվեստիա»
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կմասնակցեն Sirius փորձարարական նախագծին, որի շրջանակում կմոդելավորեն թռիչքը դեպի Լուսին եւ կուսումնասիրեն նրա մակերեւույթը մշտական հենակայանի կառուցման համար: Այդ մասին գրել է «Իզվեստիա»-ն:
NASA-ն եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը կընտրեն 28-ից մինչեւ 30 տարեկան վեց մարդու՝ երեք տղամարդու եւ երեք կնոջ:
Նրանք չորս ամիս կապրեն արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ՝ այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս համապատասխանում են այն պայմաններին, որոնցում Լուսնի վրա հարկ կլինի աշխատել տիեզերագնացներին ու աստղագնացներին:
Մասնավորապես, կանցկացվի շուրջ 80 գիտական թեստ. դրանք ցույց կտան, թե գիտարշավն ինչպես կանդրադառնա նրանց առողջության վրա: Առանձնակի ուշադրությամբ են պլանավորում ուսումնասիրել այն, թե Երկրի արբանյակի ապագա նվաճողներն ինչպես կհաղթահարեն սթրեսները:
Օրինակ, անձնակազմին հարկ կլինի առանց քնելու երկու օր բեռնաթափել պայմանական բեռնատար տիեզերանավը: Նախագծի շրջանակներում նաեւ առաջին անգամ կստուգեն լուսավորման նոր համակարգը. այն նմանակելու է ցերեկվա ու գիշերվա հերթափոխը Երկրի վրա՝ խուսափելու համար տիեզերքում կենսառիթմի խանգարումից:
Հիշեցնենք՝ Sirius նախագիծն արդեն առաջին տարին չէ, որ աշխատում է. 2017 թվականին դրա մասնակիցները դեպի Լուսին պայմանական թռիչքի ուղեւորվեցին 17 օրով:
Ինչպես ավելի վաղ գրել է Life-ը, ռուս տիեզերագնացների առաջին վայրէջքը Լուսնի վրա պլանավորված է 2031 թվականին: Ամերիկացիները ցանկանում են Լուսնի վրա իջնել ավելի վաղ՝ 2028 թվականին: