Բաժիններ՝

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի 2020 թվականի սեպտեմբերից

Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցման մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերից, պետական միջոցներով: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցի շինհրապարակում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղում ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից:

«Նորակառույց դպրոցի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որի 30-35 տոկոսն արդեն իրացվել է:Ավարտել ենք հողային ու հիմքի կառուցման աշխատանքները, լուծել ենք բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, տարածքի ջրերի մակարդակն իջեցնելու համար կառուցել դրենաժային համակարգ, արդեն բարձրանում են առաջին հարկի պատերը, տեղադրում ենք առաջին հարկի մոնոլիտ ծածկը: Մինչեւ տարեվերջ կավարտենք ընդհանուր աշխատանքների մոտ 70 տոկոսը: Կտեղադրենք տանիքը, ներսի հարդարման որոշակի աշխատանքներ կկատարենք, իսկ մնացած գործերը կավարտենք 2020 թվականի ընթացքում: Շինարարության մեջ օգտագործելու ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ»,-ներկայացրեց աշխղեկը:

Գնել Սանոսյանը շրջեց շինարարության տարբեր հատվածներում՝ դիտարկելով աշխատանքների որակը եւ ընթացքը, զրուցեց շինարարների հետ:«Ուրախացնող է այն, ինչ տեսանք տեղում՝ թե շինարարության որակի պահպանման, թե մինչ այժմ կատարված աշխատանքների առումով: Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, ամեն ինչ արված է բարեխղճորեն, մասնագիտական բավարար լուծումներով:Արդի չափորոշիչներին համապատասխան եւ 525 տեղանոց դպրոցական շենքն անգնահատելի նվեր կլինի Գավառի Հացառատ թաղամասի բնակչության համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս