Բաժիններ՝

«Ատլետիկ»-«Ատլետիկո». Բիլբաոն՝ ընդդեմ Մադրիդի

Լա լիգայի հերթական տուրին այս ակումբները մոտենում են շատ տարբեր տրամադրվածություններով: «Ատլետիկը», որը վատ հանդես չի գալիս, տանը կընդունի «Ատլետիկոյին»:

«Ատլետիկ» Բիլբաո

«Բասկերը» մնացել են մրցաշարային աղյուսակի կենտրոնում, սակայն, դեռևս պահպանում են եվրագավաթային գոտի տեղափոխվելու հույսը:

Վերջին 5 տուրերում բասկյան ակումբը պարտվեց միայն «Վալենսիային» (0:2): «Ատլետիկը» սովորաբար մրցակցի հարկի տակ ոչ այնքան լավ է հանդես գալիս: Թիմն իրեն մի քանի անգամ ավելի լավ է զգում սեփական «Սան-Մամես» մարզադաշտում: Վերջին 11 տնային խաղերում Հարիտանոյի սաները պարտվեցին միայն «Սևիլիային» (1:3)՝ գավաթային խաղում:

«Ատլետիկը» չի պարտվել սեփական հարկի տակ 9 խաղ անընդմեջ՝ գրանցելով 4 հաղթանակ և 5 ոչ-ոքի:

Այս  խաղին չի մասնակցի Ինյիգո Մարտինեսը, ով որակազրկված է: Վնասվածքների պատճառով չեն խաղա Արից Ադուրիսը և Ինյիգո Լեկուեն:

«Ատլետիկո» Մադրիդ

«Ատլետիկոն» դժվար թե վերականգնված լինի Չեմպիոնների լիգայից հետո: Մրցակցի հարկի տակ «Յուվենթուսին» 2:0 հաշվով հաղթելուց հետո մադրիդցիները մտածում էին, որ կարող էին հաղթանակի հասնել նաև ընդհանուր դիմակայությունում, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն խառնեց Դիեգո Սիմեոնեի պլանները:

Վերականգնված չլինելու պատճառը ոչ միայն այն է, որ մադրիդցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, այլև այն, որ նրանք շատ շփոթված տեսք ունեինք «Յուվենթուսի» հետ խաղի վերջում: Տպավորություն էր, որ մադրիդյան ակումբի համար սովորական դարձած խաղաոճն այլևս չի օգնում թիմին:

Հիմա «Ատլետիկոն» պայքարում է միայն մեկ ճակատով և ամեն ինչ անելու է Լա լիգայում 2-րդ հորիզոնականը պահելու համար: Չեմպիոն դառնալը բարդ կլինի, քանի որ «Բարսելոնան» բավականին առաջ է անցել միավորներով և դժվար թե զիջի առաջատարությունը: Սակայն Դիեգո Սիմեոնեն ասում է, որ իր թիմը պայքարում է միայն չեմպիոնության համար:

Իսպանիայի առաջնության վերջին 4 խաղերում մադրիդյան ակումբը չի պարտվել:

«Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ հաղթել է վերջին 6 խաղերից 4-ում:

Մադրիդցիների կազմում վնասածքներ ունեն միայն Լուկաս Էռնանդեսը և Ֆիլիպե Լուիսը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս