«Հնարավոր են բացառություններ». Ինչպես խուսափել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության հետևանքներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցից հետո ակտիվացան խոսակցությունները Հայաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած կոշտ ռազմավարության շրջանակներում ուժի մեջ են մտնելու նոր պատժամիջոցներ, որոնցից մեծ բացասական ազդեցություն է կրելու նաև Հայաստանը, հայ-իրանական առևտրատնտեսական, էներգետիկ հարաբերություններն ու համատեղ նախագծերը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը սպառնում է երկրորդային պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ Իրանի հետ խորը առևտրատնտեսական կապեր ունեցողները չեն կարող աշխատել Միացյալ Նահանգների հետ:

Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հատկապես Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները: Իր Երևան կատարած այցի ընթացքում տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը բացատրել է, որ ԱՄՆ-ը  ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից, շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»:

«Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի»,- հայտարարել էր Ջ. Բոլթոնը:

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերահաստատեց իր մոտեցումն իրանական նավթի արտահանումների վերաբերյալ՝ նշելով, որ այդ արտահանումները պետք է հավասարեցնել «զրոյի»:

Մեզ հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը պարզաբանեց, թե որքանով են հավանական ամերիկյան պատժամիջոցներ, որոնք էական վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանն ու էներգետիկ ոլորտին, և որքանով է ամերիկյան կողմն Իրանի դեմ արշավի հարցում հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության ազգային շահերը:

Նա նշեց, որ՝ չնայած տարվող բավականին կոշտ հակաիրանական քաղաքականությանը և կտրուկ պատժամիջոցներին, դրանք ներկայումս որևէ էական ազդեցություն չեն ունենում ՀՀ տնտեսության վրա:

Նրա պարզաբանմամբ՝ դրանք զուտ Իրանի դեմ, համապատասխան ընկերությունների դեմ պատժամիջոցներ են, այնպիսի ընկերությունների, որոնք չեն հրաժարվել ահաբեկչությանն օժանդակելուց: Գոբլի խոսքով, կան ընկերություններ, որոնց գործունեության վրա աչք փակել հնարավոր չէ՝ հաշվի առնելով նրանց վարած քաղաքականությունը, և պատահում է այնպես, որ այդ ընկերությունները նաև այնպիսի գործընկերներ են ունենում, որոնք այս կամ այն կերպ կարող են նկատել, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է այդ կառույցները տվյալ երկրներում:

Սա, ամերիկացի նախկին դիվանագետի խոսքով, ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Իրանի, և այնպիսի հարցեր են, որոնք չեն կարող անտեսվել ԱՄՆ այս քաղաքականության կոնտեքստում:

«Եթե քաղաքական հիմքեր ունենար ԱՄՆ-ը, ապա կկիրառեր երկրորդային պատժամիջոցներ, կամ այնպես կլիներ, որ էական ազդեցություն կլիներ ՀՀ տնտեսության վրա: Կարծում եմ` քաղաքական մոտիվ այն ամենում, ինչ ներկայումս է տեղի ունենում, չկա: Բայց դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները չի հետևում Հայաստանի իրանական քաղաքականությանը, այն ուղերձներին, որոնք հնչեցվում են, և այն քաղաքականությանը, որոնք ՀՀ իշխանությունները պատրաստվում են վարել: Ներկայումս էական ազդակներ չկան, բայց Բոլթոնի այցը տարածաշրջան ապացուցեց, որ այս հարցը Նահանգների համար առանցքային նշանակության խնդիր է:

Կարծում եմ` այս ամենը Երևանում հանգամանորեն քննարկվել է: Ավելին՝ այն համոզմանն եմ, որ ՀՀ իշխանություններն իրենց հերթին են ներկայացրել այս ամենի հարցում իրենց մտահոգությունները, և դա հնարավոր չէ չհասկանալ, քանի որ Իրանը Հայաստանի հարևանն է, աշխարհին կապող երկու բարիդրացիական հարաբերություններ ունեցող  հարևաններից մեկը: Բայց ՀՀ-ն Իրանի հետ քաղաքականության հարցում ևս մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնի, այդ մասին Պետդեպարտամենտը բազմիցս է խոսել իր գործընկեր երկրների հետ»,- ասաց Գոբլը:

Նա նշեց, որ կան երկրներ, որոնք կարողացել են Իրանի հետ իրենց ունեցած լուրջ համագործակցությունը և ամերիկյան հնարավոր պատժամիջոցները չեզոքացնել ԱՄՆ-ի հետ քաղաքականության արդյունքում:

«Այսինքն` կան նաև բացառություններ, որոնք ձեռք են բերվում քաղաքականության արդյունքում: Ուստի ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կարող է աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Փոլ Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս