Բաժիններ՝

«Օպերայի հարակից տարածքը պետք է ուսումնասիրեն մասնագետները՝ հասկանալու համար, թե բույսերի ինչ տեսակներ կարող են այնտեղ աճել». Բնապահպան

Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժում են Օպերայի հարակից տարածքում գտնվող մի քանի սրճարանները՝ Ազատության հրապարակը նախկին տեսքին բերելու և կանաչապատելու նպատակով։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն այդքան էլ հարթ չընթացան, սրճարանատերերն իրենց աշխատակիցների հետ միասին բարձրաձայնում էին, որ քաղաքապետարանը խախտում է իրավական նորմեր, քանի որ վարձակալությամբ իրենց տրամադրված տարածքների օգտագործման ժամկետը դեռ չի ավարտվել:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր սրճարանների ապամոնտաժման գործընթացներին՝ ասելով, որ այդ գործընթացը «սկզբից մինչև վերջ 100 տոկոս իրավական է»։

Քաղաքապետը նաև նշել էր, որ Օպերայի հարակից տարածքն ամբողջությամբ կազատվի սրճարաններից և կկանաչապատվի, սակայն այդ գործընթացը կլինի ոչ թե միանգամից, այլ փուլերով։

168.am-ը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է Օպերայի հարակից տարածքը վերածել կանաչ գոտու, ծառեր տնկել, եթե տարածքում կա ստորգետնյա ավտոկայանատեղի։

«Տարածքը պետք է ուսունասիրեն մասնագետները, հատկապես՝ բուսաբանները, որպեսզի հասկանան, թե այդ տարածքում բույսերի ինչ տեսակներ կարող են աճեցնել։ Կան ծառեր, որոնց արմատները շատ խորը չեն գնում, ընդլայնվում են ավելի մակերեսային, կամ այդպես հարմարվում են։ Այստեղ թփեր դնելու մեծ հնարավորություն կա։ Կարծում եմ՝ սկզբունքորեն մեծ հնարավորություններ կան, պարզապես պետք է աշխատեն մասնագետների հետ»,- ասաց բնապահպանը։

Հարցին՝ հնարավո՞ր է մինչև ամառ տարածքը կանաչապատել, Կարինե Դանիելյանը պատասխանեց, եթե ծառերն ու թփերը աճեցնեն մեկ այլ վայրում և տեղափոխեն, հնարավոր է, իսկ եթե պետք է նորատունկ իրականացնեն, ապա դրա համար ժամանակ է անհրաժեշտ.

«Կարծում եմ՝ այս երկու գործողությունները կարելի է զուգակցել՝ նայած, որ տարածքն է»,- շեշտեց բնապահպանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում կա՛մ պետք է ապրել, կա՛մ մտածել, թե կիսաանապատ է, ապրելու տեղ չէ։

«Քանի որ քաղաք է հիմնվել կիսաանապատում, ուրեմն՝ միակ ճանապարհն այդ կիսաանապատային լանդշաֆտը փոխելն է, ինչ-որ արվել է Խորհրդային Միության տարիներին։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտան, որը կառուցեցինք՝ որպես կիսաանապատ՝ ասֆալտաբետոնե անապատ»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս