Boeing-ի կապիտալացումը 26,6 մլրդ դոլարով նվազել է Եթովպիայում տեղի ունեցած աղետից հետո
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 Max 8 ինքնաթիռի կործանումից հետո: Այդ մասին վկայում են սակարանների տվյալները:
Մարտի 12-ի սակարկությունների արդյունքներով՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանում (NYSE) ընկերության բաժնետոմսերը կորցրել են արժեքի 6,15 տոկոսն՝ էժանանալով մինչեւ 375,41 դոլար: Մարտի 11-ին անկումը կազմել է 5,33 տոկոս, իսկ երկու օրվա արդյունքներով՝ 11 տոկոսից փոքր-ինչ ավելի:
Այսպիսով, աշխատանքային շաբաթվա սկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 26,6 միլիարդ դոլարով՝ մարտի 9-ին սակարկությունների փակման պահի 238,7 միլիարդ դոլարից մինչեւ 212,1 միլիարդ դոլար: Պատահարից հետո մի շարք արտասահմանյան երկրներ եւ ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 Max 8-ի թռիչքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: