«Ցավում եմ, որ Կարեն Անդրեասյանը հնչեցնում է ոչ կոռեկտ գնահատական». Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ նախկին պաշտպանին

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման  աշխատանքների  ընթացքում  երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ոտքը վնասվել էր։

Անդրադառնալով սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, ՄԻՊ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի վնասվելուն՝ hraparak.am-ի հետ զրույցում Կարեն Անդրեասյանն ասել էր, եթե Ն. Զոհրաբյանն անիմաստ չմիջամտեր հրմշտոցներին, ապա չէր վնասվի: «Միաժամանակ, երբ դու հայտնվում ես հրմշտոցի կիզակետում, որտեղ պրովոկացնում են առանձին քաղաքացիների, հնարավոր է, որ տուժես։ Հույս ունեմ, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ասել էր Կ. Անդրեասյանը։

168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ զարմանում է, որ նման բան է ասում Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որպես ՄԻՊ նախկին պաշտպան՝  նա երեկ պետք է լիներ Ազատության հրապարակում։

«Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ իմ բարոյական և պատգամավորական պարտքն էր՝ լինել դեպքի վայրում՝ կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև, որպեսզի չլինեն բախումներ։ Ցավում եմ, որ Կարեն Անդրեասյանը, երևի ներկայիս իշխանությունների բարեհաճությունը շահելու համար, հնչեցնում է նման ոչ կոռեկտ գնահատական։ Ես պետք է  ի պաշտոնե լինեի այնտեղ, որտեղ եղել եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իր և գործընկերների ներկայությունը դեպքի վայրում զսպել է դեպքերի հետագա սրացումը։

«Ցավում եմ, որ Կարեն Անդրեասյանը, որին իսկապես համարել եմ մեր երկրում մարդու իրավունքներով մտահոգված քաղաքացի, կարող էր նման ոչ կոռեկտ գնահատական հնչեցնել։ Հարց եմ տալիս, իսկ որտե՞ղ պետք է լիներ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը»,- շեշտեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, միշտ կողմնակից է եղել, որպեսզի Երևանում և Հայաստանում կանաչ տարածությունները վերականգնվեն։

«Բայց ընտրված ձևն արդյո՞ք լուծելու է այդ խնդիրը, մեծ մտավախություններ ունեմ։ Ինձ չեն հետաքրքրում այդ սրճարանների սեփականատերերը, որոնք նախկին հանցավոր իշխանության հետ տարբեր գործարքներով, ինչպես թաղապետն ասաց՝ կոպեկներ են վճարել տարածքների համար։ Ինձ հետարքրքում էր այդ սրճարանների աշխատակիցների ճակատագիրը, որոնցից շատերն իրազեկված չեն եղել, քանի որ երբ քաղաքապետարանը սրճարանատերերին օրենքի պահանջի համաձայն իրազեկել է, որ սկսելու են քանդման գործընթաց, նրանցից շատերը չեն բարեհաճել իրենց աշխատողներին տեղյակ պահել։ Ես այնտեղ էի գնացել, որ փորձեինք նաև հասկանալ՝ հնարավո՞ր է կոմպրոմիս սրճարանների աշխատակիցների հետ, գուցե հենց սրճարանատերե՞րը պետք է փոխհատուցեն այն աշխատողների վնասները, որոնք դարձել են գործազուրկ»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, որ, երբ տարբեր գործիչներ ասում են, թե ոստիկանները ոչ իրավաչափ ուժ չեն գործադրել ցուցարարների հանդեպ, այստեղ հարց է առաջանում, թե ինչու է ոստիկանապետը դադարեցրել այն ոստիկանի լիազորությունները, որը ոտքերով հարվածել էր քաղաքացուն։

«Մենք այնտեղ էինք նաև առաջարկելու, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դարձնենք հարթակ, և փորձելու գտնել կոմպրոմիսային լուծումներ։ Այդուհանդերձ ողջունում եմ, որ այսօր կրքերը հանդարտվել են, և ապամոնտաժումը կատարվում է առանց էսկալացիաների և առանց բախումների։ Հուսանք, այն գեղեցիկ նկարը, որը կա քաղաքապետարանի կայքում՝ տարածքի կանաչապատման վերաբերյալ, կդառնա իրականություն»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս