Ռուսաստանը ձգտում է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն
Ռուսաստանը շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության։
«Ռուսաստանը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել է նա:
«ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել է Պոպովը:
Ռուսաստանը պատրաստ է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ պայմաններով»: «Ըստ որում գերակայությունը տալիս ենք Բելառուսին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գծով մեր մյուս գործընկերներին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՊՀ-ի անդամ պետություններին եւ Շանհայի համագործակցության կազմակերության անդամներին»,- հավելել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: