Հայտնի է, թե երբ կսկսվի պատգամավորի դատավարությունը
2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։
Չնայած առաջադրված մեղադրանքին՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ հավաքելով 7472 ձայն։
Մեղադրանքի առաջադրումից հետո իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե տվյալ դեպքում որքանով է գործում պատգամավորական անձեռնմխելիությունը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, այլ ոչ թե իրականացնելու դեպքում, այսինքն` երբ պետք է զրոյից սկսել քրական հետապնդումը, իսկ տվյալ դեպքում այն արդեն իսկ սկսված է, հետեւաբար՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պատգամավորը առանց որեւէ խնդրի կարող է ազատազրկվել. «ԱԺ Կանոնակարգի 29-րդ գլխի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ազատազրկման դատապարտելու դեպքում դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն»,-ասում էր իրավաբանը։