Բաժիններ՝

«Ես էլ լավ հուշեր ունեմ «Ջազվեի» հետ…». Վիկտոր Մնացականյան

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվեցին, այս պահին ապամոնտաժում են «Ջազվե» սրճարանը։ Սրճարանների աշխատակիցները փորձեցին խոչընդոտել սրճարանին մոտեցող տեխնիկայի աշխատանքներին, որի արդյունքում ոստիկանների և նրանց միջև տեղի ունեցավ բախում:

Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն իր այս գործողություններով «վայիս» է լինում իրենց երեխաների հացին։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին վաղ առավոտից ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Կարծում եմ՝ վաղն ավելի շատ և մեծ ուժերով կշարունակենք աշխատանքը։ Արդեն հաջորդ օրը կհետևեն մասնատման և տեղափոխման աշխատանքները, որից հետո մենք վերջապես կգանք կտեսնենք Օպերայի տարածքում նորմալ զբոսայգի»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։

Նա հորդորեց մի քիչ սպասել, համբերատար լինել, և կտեսնեն, թե ինչ Երևան են ունենալու։
«Մենք լավ բան ենք անում, Երևանին վերջապես վերադարձնում ենք իր դիմագիծը»,- ասաց նա:

Նա շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք այսօր եկել էին իրենց աջակցելու, և ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Նա նաև ընդգծեց, որ ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն չեն կիրառել։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները հակառակն էին պնդում, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություններ են կիրառել։

Լրագրողներից մեկը հիշեցրեց Արթուր Մեսչյանի այն հայտարարությունը, թե ափսոսում է՝ տեսնելով, թե ինչպես են քանդում Օպերայի տարածքի սրճարանները, որոնցից մեկում ինքը փոքր տարիքում պաղպաղակ է կերել ու լավ հուշեր ունի: Ի պատասխան՝ Վիկտոր Մնացականյանն ասաց, որ ինքն էլ «Ջազվե» սրճարանի հետ կապված լավ հուշեր ունի. «Ես էլ ունեմ «Ջազվեի» հետ, և՞…»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս