Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը

Նորին Սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ:

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարելՎրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն է հայտնել երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձել Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Զուրաբիշվիլին նաև անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրներին ու ժողովուրդներին հուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ Տիրոջ Աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և երկու երկրների դեսպանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս