Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցը սպառնում է ինքնահրկիզվել, եթե քաղաքապետը չգա
Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և պահանջում են հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Սրճարանների աշխատակիցներից մեկը նույնիսկ սպառնաց, որ, եթե քաղաքապետը չգա, բենզին կլցնի իր վրա ու կինքնահրկիզվի։
Նրա խոսքով՝ պետության հետ ունեն կնքված պայմանագիր: «Տարածքը, որտեղ աշխատեցնում ենք սրճարանը, մինչև 2028 թվականը վարձակալած է, մենք մեր հասանելիք գումարը վճարել ենք, այդքան ծախսեր ենք արել, հիմա եկել քանդում են ու չեն մտածում, որ մարդը վարկ է վերցրել ու այդ օբյեկտը սարքել է։ Մենք առաջարկել ենք՝ մեզ տան որևէ նախագիծ, մեր ֆինանսական միջոցներով կանաչապատենք որոշակի տարածք։ Մեր բոլոր հարցերը մնացել են անպատասխան, որևէ մեկը չի պատասխանում։ Հարգարժան քաղաքապետը խուսափել է այն ժողովրդից, որն իրեն ընտրել է, նա փախել է, չի եկել»,- ասաց «Ատմասֆերա» սրճարանի աշխատակիցը։
Նույն սրճարանի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը հայտարարեց, որ այդքան տղամարդկանցից որևէ մեկը «դուխ» չունեցավ Գագիկ Խաչատրյանի և մյուս պաշտոնյաների սրճարանները քանդի. «Ես իրենց բոլորին ասել եմ, որ իմ աղջիկ հալով՝ իրենցից տղամարդ եմ, նրանք բոլորը կանգնել ու ուլի աչքերով նայում են մեզ։ Ամոթ մեր թաղապետին, Մնացականյանին։ Իմ աշխատողները փողոց են փակել, հեղափոխություն են արել, որ Վիկտոր Մնացականյանը գա մեր սրճարանները քանդի՞»,- ասաց նա։
Նա հայտարարեց, որ Վիկտոր Մնացականյանն «անտառը կտրել» ու իր համար «Երևանյան գիշերներ» ռեստորան է կառուցել, ու կոչ արեց գնալ և նրա ռեստորանը քանդել:
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև ժամանակ առ ժամանակ բախումները շարունակվում են։
Զվարթ Խաչատրյան