Էկվադորը դուրս եկավ Հարավամերիկյան ազգերի միությունից
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։ «Այսօր ես հայտարարում եմ UNASUR-ից Էկվադորի վերջնականապես դուրս գալու մասին»,-հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն՝ ելույթ ունենալով ազգային հեռուստառադիոեթերում:
«UNASUR-ն անվերադարձ դադարել է գործել արդեն մեկ տարի առաջ: Անդամ երկրների կեսը չի մասնակցում դրա աշխատանքին, չեն մուծում անդամավճարները: Չկա գլխավոր քարտուղար, անձնակազմն զգալիորեն կրճատված է»,- Էկվադորի նախագահը բացատրել Է ձեռնարկված քայլի պատճառները:
Նա նշել է, որ մտադիր է UNASUR-ի կենտրոնակայանի շենքը հանձնել համալսարանին: UNASUR-ը հիմնվել է 2008 թվականին Վենեսուելայի եւ Բրազիլիայի այն ժամանակված նախագահներ Ուգո Չավեսի եւ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ:
Այս միջազգային միավորման մեջ մտնում էր տարածաշրջանի 12 պետություն՝ Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին եւ Էկվադորը, սակայն Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Չիլին ավելի վաղ կասեցրել են մասնակցությունն այս կազմակերպությանը: Միավորումը գլխավոր քարտուղար չունի 2017 թվականի հունվարից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: