Բաժիններ՝

«Եթե մեր միակ փաստարկն էն ա, որ դոնորը տենց ա ուզում, բա մենք ո՞վ ենք ստեղ հավաքված». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Գույք նվիրաբերելու մասին» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու կառավարության որոշման նախագծերը, որոնց շրջանակներում բուռն քննարկում ծավալվեց անասնաբուժական և այլ խնդիրների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տարածքներում պետք է լինեն անասնաբուժական կենտրոններ, որոնք կունենան մասնագիտական և տեխնիկական պատշաճ մակարդակ, ու պետական ծրագրերը պետք է իրականացնել դրանց միջոցով.

«Մենք հիմա ունենք մի հատ նորմալ անասնաբուժություն, մի հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք և սա պետք է լինի մեր ռազմավարությունը»:

Գ.Գևորգյանի խոսքով՝ արդեն այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ձեռնարկել՝ անասնաբույժների կրթական մակարդակը բարձրացնելու համար, ձևավորվում է մասնավոր ասոցիացիա և այլն:

Փաշինյանը նշեց, որ խնդիրները լուծելու 2 մոտեցում կա՝ առկա փողի սահմաններում խնդիրներ դնել և լուծել, կամ դնել խնդիրը ու գտնել դրա լուծման համար անհրաժեշտ գումարը:

Վարչապետը կողմ արտահայտվեց երկրորդ տարբերակին: Ըստ նրա՝ պետությունն աջակցություն է տրամադրում ոչ թե նրա համար, որ 2 տարի հետ գան ասեն՝ գորիքներն ավարտվել են, նորը տվեք, այլ որպեսզի կենտրոնները զարգանան, ոտքի կանգնեն և կարողանան իրենց կարիքները հոգալ, և պետական կարիքները պետք է արտապատվիրակել նրանց:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Գևորգյանը նշեց, որ կազմակերպության մի մասը միանում է նախարարությանը, միաժամանակ ստեղծվում է «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲ ընկերություն:
Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց նոր ընկերության ստեղծմանը:

Ն.Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ է ստեղծվում նոր կառույց, Գ.Գևորգյանը պատասխանեց, որ լուծարվող հիմնարկի ծրագրերի մի մասը չի կարող շարունակել նախարարությունը, մասնավորապես՝ գումար է հատկացնում բանկերին՝ գյուղացիներին էժան տոկոսադրույքով վարկեր հատկացնելու համար: Վարչապետը տարակուսեց, թե ինչո՞ւ նույնը չի կարող անել նախարարության վարչություն:

Գևորգյանը նշեց, որ վարչությունը չի կարող այդքան ճկուն լինել:

«Եթե չի կարող, ինչո՞ւ ենք նրան պահում»,- հարցադրում արեց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան խոսքով՝ խնդիրն այն է, թե արդյոք դոնորը պատրա՞ստ է ուղիղ պետությանը տրամադրել ֆինանսավորում:

«Է, թող ուղիղ բանկին տրամադրի,- ասաց Փաշինյանը և շարունակեց,- Այսինքն՝ եթե մեր միակ փաստարկն էն ա, որ դոնորը տենց ա ուզում, բա մենք ո՞վ ենք ստեղ հավաքված»:
Փաշինյանը հայտարարեց, որ վերջին ամիսներին ինչքան շփվել է դոնորների հետ, չի տեսել, որ դոնորն ինչ-որ բան ուզի կամ չուզի, և պետք է հասկանալ՝ այդ կարգը ո՞ր կողմից է հաստատվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս