Բաժիններ՝

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի կոլեկտիվը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Մեծարգո՜ պարոն վարչապետ, ՀՀ ԿԳՆ կողմից 2019թ մարտի 12-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով:

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի կոլեկտիվի բացարձակ մեծամասնությունը 2019 թվականի մարտի 14-ի կոլեկտիվի ժողովում արձագանքել է այդ որոշմանը և իր վերաբերմունքն է արտահայտել հարցի վերաբերյալ:

Կառլեն Հայրապետյանը քոլեջի տնօրեն է ընտրվել 2017 թվականի մայիսին՝ քոլեջի կառավարման խորհրդի կողմից: Նրա աշխատանքային կառավարման մասնագիտամանկավարժական հմտությունները, մարդկային լավագույն որակները, քոլեջի հեղինակության բարձրացմանը միտված նպատակադիր ջանքերը արժանիորեն գնահատվում են քոլեջի կոլեկտիվի բացարձակ մեծամասնության և ուսանողության կողմից:

Կառլեն Հայրապետյանի՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտելիքները, կառավարչական հմտությունները, կրթական և մանկավարժական ոլորտում բանիմացությունը մեծապես նպաստել են քոլեջի առաջընթացին: Նրա նախաձեռնողականության արդյունքում հարստացել և արդիականացել են քոլեջի ուսումնաօժանդակ հնարավորությունները:

Կառլեն Հայրապետյանը արժանիորեն վայելում է քոլեջի աշխատակիցների և ուսանողների հարգանքն ու վստահությունը:

Մենք կարծում ենք, որ ուսումնական հաստատությունը կենդանի, աշխատող օրգանիզմ է: Եվ ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, այստեղ էլ կարող են լինել թերություններ, որոնք, մեր խորին համոզմամբ, մեր կոլեկտիվը կարող է շտկել իր բանիմաց տնօրենի օգնությամբ:

Ուստի, ակնկալում ենք, որպեսզի մեր ղեկավարին տրվի աշխատանքով թերությունները շտկելու և ձեռքբերումները ավելացնելու հնարավորություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս