Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Քվեարկության ընթացքը հեռարձակել է BBC News-ը:
Այդ տարբերակը մերժել է 321 պատգամավոր, 278 խորհրդարանական պաշտպանել է նախաձեռնությունը: Քվեարկությունն անցել է ազատ ձեւաչափով. կուսակցությունները հաձնարարականներ չէին տվել իրենց անդամներին, թե նախաձեռնություններից որի օգտին տան իրենց ձայնը:
Մարտի 14-ին կկայանա նոր քվեարկություն, որի արդյունքում որոշում կընդունվի ԵՄ-ից դուրս գալը հետաձգելու մասին: Ընդսմին, ինչպես ճշտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսքը կվերաբերի Brexit-ի ժամկետի միայն ոչ մեծ հետաձգմանը: Այդ տարբերակը հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, եթե մարտի ընթացքում հավանություն տրվի Եվրամիության հետ գործարքին:
Ավելի վաղ բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը: «Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել է նա: Եվրակոմիսարը հույս Է հայտնել, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել է 242 պատգամավոր: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ներկայում պլանավորված է մարտի 29-ին: