Բաժիններ՝

«Ասում եք՝ բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են, լավ են անում, որ բողոքում են, իրենց շահն են պաշտպանում»

«Հիմա մենք ակտիվ քննարկումների մեջ ենք կառավարության հետ, կա շատ առողջ աշխատանքային քննարկում, և այն մոտեցումը, ինչ նախկինում եղել է, որ եթե մի բան կառավարությունից գալիս է, պարտադիր առանց քննարկելու դակել են Ազգային ժողովում, դա այսօր չկա: Այդ առողջ բանավեճի արդյունքում  մենք գտնելու ենք լավագույն կոմպրոմիսային լուծումները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պագամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիրներ է ինքը տեսնում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում, որի վերաբերյալ բիզնեսի տարբեր խմբեր պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում:

Ըստ նրա՝ նախագծում մի քանի կետեր խնդրահարույց են, օրինակ՝ ծխախոտի, գազավորված ընպելիքների ակցիզային հարկի բարձրացումը: Նա նշեց, որ որևէ մեկը չի վիճարկում առողջապահության նախարարի ներկայացրած փաստարկներ, բայց մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ գործընթացում կա ևս երեք կողմ՝ պետության ընդհանուր տնտեսական քաղաքականությունը, որ պետք է ներկայացնի էկոնոմիկայի նախարարությունը, ֆիսկալ կողմը՝ ի դեմս ֆինանսական միջոցներ հավաքագրող ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության, և մյուսը՝ բիզնեսն է: Պապոյանի խոսքով՝ այս բոլոր կողմերի հատման կետում պետք է լավագույն լուծումը գտնվի, որպեսզի ընդհանուր տնտեսական զարգացումը վտանգների չենթարկվի և բյուջեի հավաքագրման հետ կապված խնդիրներ չլինեն:

Գ.Պապոյանը նշեց, որ իրենք լսում են բիզնեսին, ունեն ֆինանսների և առողջապահության նախարարությունների գնահատականներին, ու սպասում են տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության գնահատականին:

«Կունենանք լավագույն որոշումներ, որպեսզի հետագայում ստիպված չլինենք ինչ-որ օրենքներ փոփոխել: Տպավորություն է, թե պրոցեսը դանդաղում է, բայց բացարձակ չի դանդաղում, ակտիվ քննարկումների մեջ ենք,- ասաց Պապոյանը և հավելեց,- Դուք ասում եք՝ բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են, լավ են անում, որ բողոքում են, իրենց շահն են պաշտպանում: Դա նորմալ է, մենք կլսենք իրենց հիմնավորումները, եթե այդ հիմնավորումները իրոք կլինեն հիմնավոր, մենք կառաջարկենք որոշակի փոփոխություններ: Այսինքն՝ այս առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս