
Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին մահապատժի մորատորիում սահմանելու որոշման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գեւին Նյուսոմին նահանգում մահապատժի իրականացման մորատորիում հայտարարելու որոշման առնչությամբ: ԱՄՆ-ի ղեկավարը մարտի 13-ին այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Ինչպես մարտի 13-ին հայտնել է The New York Times թերթը, Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը չորեքշաբթի մտադիր է ստորագրել կատարողական հրամանագիր, որով նահանգում կհետաձգվի մահապատժի դատավճռի ի կատար ածումը դատապարտված անձանց նկատմամբ:
Թերթի գնահատմամբ՝ այդ քայլը առավելապես խորհրդանշական նշանակություն կունենա, քանի որ Կալիֆոռնիայում մահապատիժ չի եղել 2006 թվականից ի վեր: Մահվան դատավճիռներն այս նահանգում ի կատար չեն ածվում շարունակվող դատաքննությունների կապակցությամբ, որոնք, մասնավորապես, վերաբերում են մի շարք պատրաստուկների կիրառման թույլատրելիությանը, որոնք օգտագործում են մահացու ներարկումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: