Բաժիններ՝

«Բավարիա»-«Լիվերպուլ». Ո՞վ դուրս կգա հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենաինտրիգային զույգերից մեկն այնքան էլ չտպավորեց առաջին խաղում՝ ավարտելով հանդիպումը 0:0 հաշվով: Ինչպե՞ս կխաղան թիմերն այս անգամ:

Անգամ անցյալ տարի այս հակամարտությունն ավելի հնչեղ անոնս կունենար, քան հիմա: Սակայն այս տարի կարելի է անգամ նշել այս զույգի ֆավորիտին՝ անգլիական ակումբին: Սակայն մյունխենյան ակումբը կարող է ապացուցել, որ խնդիրները միայն ժամանակավոր են, և իրենք դեռ ծանրակշիռ ասելիք ունեն: Այս գործընթացը մյունխենցիներն արդեն մեկնարկել են՝ մրցակցին չթողնելով գոլի հեղինակ դառնալ սեփական պատերի ներքո:

«Բավարիա»

Գոլազուրկ ոչ-ոքին Անգլիայում, կարծես թե, վատ արդյունք չէ գերմանական թիմի համար, սակայն մյուս կողմից՝ մյունխենցիները գոլի հեղինակ չդարձան, ինչը բարդացնում է նրանց գործը: Այս խաղում  «Բավարիան» պետք է լավ գործի պաշտպանությունում, կամ ամեն կերպ խփի մեկ գոլ ավելի:

Չեմպիոնների լիգայի խաղից առաջ «Բավարիան» ցուցադրեց իր հարձակողական ողջ ներուժը Բունդեսլիգայում: Նիկո Կովաչի սաները նախ հաղթեցին «Հերտային» (1:0), այնուհետև ջախջախեցին Մյունխենգլադբախի «Բորուսիային» (5:1) և «Վոլֆսբուրգին» (6:0):

Չեմպիոնների լիգայում, ի տարբերություն «Լիվերպուլի», «Բավարիան» գրավեց առաջին տեղը խմբում: «Բավարիան» միավորներ կորցրեց միայն «Այաքսի» հետ խաղերում (3:3, 1:1): Մյուս բոլոր խաղերում մյունխենցիները հաղթել են:

Գերմանական թիմի կազմում կան կադրային խնդիրներ: Որակազրկված են Յոզու Կիմիխը և Թոմոս Մյուլլերը: Վնասվածքներ ունեն Արիեն Ռոբենը և Կորենտեն Տոլիսոնը: Հարցականի տակ է Դավիթ Ալաբայի և Կինգսլի Կոմանի մասնակցությունը:

«Լիվերպուլ»

Անգլիական ակումբը երկակի տպավորություն է թողնում  վերջերս: Թիմը հսկայական հարձակողական ներուժ ունի, սակայն այն կարողանում է օգտագործել միայն ժամանակ առ ժամանակ:

Չեմպիոնների լիգայում  «Բավարիայի» հետ խաղից հետո մերսիսայդցիները մի քանի հանդիպում անցկացրին Պրեմիեր լիգայում: Լիվերպուլցիները հաղթեցին «Ուոտֆորդին» (5:0) և «Բարնլիին» (4:2): Իսկ ահա մրցակցի հարկի տակ Կլոպի սաների գործերն այնքան էլ լավ չեն: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» հետ լիվերպուլցիները գոլազուրկ ոչ-ոքիներ խաղացին, ինչի արդյունքում կորցրին առաջատարությունը Պրեմիեր լիգայում:

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:

Անգլիական ակումբի կազմում վնասվածքներ ունեն Ջոզեֆ Գոմեսը և Ալեքս Օկսլեյդ-Չեմբերլենը: Հարցականի տակ է Ջեյմս Միլների մասակցությունը:

Անձնական հանդիպումներ

Զարմանալի է, բայց այս թիմերը գրեթե չեն խաղացել իրար դեմ: Դժվար է հիշել, թե երբ է դա վերջին անգամ տեղի ունեցել: 2001 թվականին այս թիմերը հանդիպել են իրար Սուպերգավաթում: Այն ժամանակ գերմանական ակումբը պարտվեց 2:3 հաշվով: Դրանից առաջ թիմերը հանդիպել էին 1981 թվականին Չեմպիոնների գավաթի 1/2 եզրափակչում:

«Բավարիայում» այժմ հանդես է գալիս մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լևանդովսկին, ով լավ է հանդես գալիս առաջնության վերջին խաղերում: Հնարավոր է, որ լեհ ֆուտբոլիստը կկարողանա գոլ  հեղինակել նաև այս հանդիպման ընթացքում:

Անգլիական ակումբը վերջին արտագնա խաղերում քիչ է գոլեր խփում, բայց այս խաղում անելու է ամեն բան հաղթանակի հասնելու համար:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը կկայանա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս