«Վրաստանը մեր բնական դաշնակիցն է տարածաշրջանում». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հանրապետության նախագահի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցն, անշուշտ, չափազանց կարևոր նշանակություն ունի ինչպես հայ-վրացական հարաբերությունների առավել խորացման, այնպես էլ տարածաշրջանային իրողությունների գնահատման ու նոր զարգացումների տեսանկյունից։
Վրաստանի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի կենսական, ռազմավարական նշանակություն։ Եվ խնդիրը միայն Հայաստանն աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհը չէ, որն անցնում է Վրաստանով։
Ճանապարհն, անշուշտ, կարևոր է, սակայն չափազանց սխալ է երկու երկրների հարաբերությունների կարևորությունն ու ռազմավարականությունը գնահատել սոսկ կոմունիկացիաների մակարդակում։ Վրաստանը տարածաշրջանի կարևորագույն պետություններից է, որն ունի շահերի ու հարաբերությունների բազմաշերտ համախումբ տարածաշրջանի այլ երկրների հետ։
Ավանդաբար մենք որոշակի խանդով ենք վերաբերվել այդ՝ վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական հարաբերություններին, ինչը դրականորեն չի ազդել Վրաստանի հետ մեր իսկ հարաբերության վրա։
Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած պետություն է, ինչպես նաև երկիր, որը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու մտադրության մասին։ Այսինքն՝ Վրաստանը մասամբ այսօր կա, իսկ ապագայում ամբողջությամբ կլինի եվրաատլանտյան համակարգի լիիրավ անդամ։ Դա նշանակում է միանգամայն նոր քաղաքականություն, միանգամայն նոր հարաբերություններ ու միանգամայն նոր քաղաքակրթական արժեքներ։ Արժեքներ, որոնք Վրաստանի հետ մեր հարաբերությունը դարձնում են անգնահատելիորեն կարևոր ու անփոխարինելի։
Վրաստանը մեր բնական դաշնակիցն է տարածաշրջանում, և մեր իշխանությունների, ընդհանրապես քաղաքական համակարգի խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ Հայաստանը նույնպիսի ռազմավարական նշանակություն ունենա Վրաստանի համար։ Դա պահանջում է զգալի աշխատանք ոչ միայն գործադիր իշխանության կողմից, այլ նաև խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում։
Վրաստանը եղել է, կա ու կլինի մեր բարեկամ և հարևան երկիրը տարածաշրջանում, որի հետ մենք պետք է ունենանք ոչ միայն համատեղ ներկա, այլ նաև ապագային միտված միասնական ծրագրեր ու նախագծեր, որոնց իրականացմանը, հուսանք, կնպաստի Սալոմե Զուրաբիշվիլիի՝ այսօր մեկնարկած այցը։
Բարի գալուստ Հայաստան, տիկին նախագահ»։
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄԱյսօր հանրապետության նախագահի հրավերով…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Mittwoch, 13. März 2019