Վրաստանում փորձել են ուրան վաճառել 2,8 մլն դոլարով
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է մարտի 11-ին Քոբուլեթ սեւծովյան առողջավայրում ճառագայթաակտիվ նյութ վաճառելու փորձի համար երկու մարդու ձերբակալման գործի մանրամասները:
«Հետաքննությունը պարզել է, որ հիշյալ անձինք փորձել են միջուկային նյութ՝ ուրան, վաճառել 2 միլիոն 800 հազար դոլարով»,- ասված է Պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ ձերբակալվածներից առգրավել են 40,19 գրամ ուրան-238 ճառագայթաակտիվ իզոտոպ:
«Առգրավված նյութն սպառնում է մարդու կյանքին եւ առողջությանը»,- ասված է հայտարարության մեջ: Գործը հետաքննում է Վրաստանի Պետանվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը, հաղորդել է Sputnik-ը: