«Բերում եք խոտ ցանեք, այդ խոտը տանելու եմ տուն, ուտե՞մ… Հեղափոխություն եմ արել, որ լավը տեսնեմ, ոչ թե հետ գնամ». Օպերայի հարակից սրճարանի աշխատակիցը՝ քաղաքապետի խոսնակին
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շարունակում են ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները։ Սրճարանների սեփականատերերին ու աշխատակիցներին միակ հուզող հարցն այն է, թե քաղաքապետարանը սրճարաններն ապամոնտաժելուց հետո ինչպես է լուծելու 3000 մարդու աշխատանքի տեղավորման հարցը, որոնք դառնալու են գործազուրկ։
«Դուք տարիներ առաջ այս տարածքի վիճակը տեսե՞լ եք, այստեղի գարշահոտությունը զգացել ե՞ք, եթե ասում եք՝ տարածքն անբարեկարգ է, ու քաղաքապետը մտածող է, բերեք մի աղբարկղ դրեք։ Բերում եք խոտ ցանեք, այդ խոտը տանելու եմ տուն, ուտե՞մ, ես հեղափոխություն եմ արել, որ լավը տեսնեմ, այլ ոչ թե հետ գնամ, այդքան մարդ է գործազուրկ դառնալու, ի՞նչ եք անելու»,- դիմելով քաղաքապետի խոսնակին՝ նշեց սրճարանի աշխատակիցներից մեկը։
Նրանք նաև հայտարարեցին, որ չկա որևէ երաշխիք, որ հաջորդ քաղաքապետի օրոք այստեղ կրկին սրճարաններ կլինեն. «5 տարի անց այլ կառավարություն է գալու ու ասի՝ կանաչը լավը չէ, ի՞նչ՝ պետք է նորից ամեն ինչ փոխի՞»:
«Շոկոլադնիցա» սրճարանի աշխատակցի խոսքով՝ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրում չկա որևէ կետ, ըստ որի, երբ քաղաքապետարանը ցանկանա՝ կարող է ապամոնտաժել սրճարանները։
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը խոսքով՝ դեկտեմբերի 13-ին ապամոնտաժվող սրճարաններին ծանուցում է ուղարկվել, և ըստ պայմանագրի՝ քաղաքապետարանն իրավունք ունի վերադարձնել օգտագործման իրավունքը: «Այսօրվանից ի վեր այս տարածքը համայնքի տնօրինման տակ է»,- ասաց Հ. Կարապետյանը։
Սրճարանների աշխատակիցների հարցերին, թե տվյալ սրճարանների աշխատակիցները որտեղ պետք է աշխատեն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ այս հարցը պետք է տան իրենց ղեկավարներին։
Ի նշան բողոքի՝ սրճարանների աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «դըմփ-դըմփ հու»։
Զվարթ Խաչատրյան