«Բնական է, որ կան տարբեր կարծիքներ. պետք է բոլոր կարծիքները հաշվի առնել և  կիրառել ամենաարդյունավետ տարբերակը». Դավիթ Բաբայանը՝ ԱԱԽ համատեղ նիստի մասին

«Սա Ստեփանակերտում անցկացվող առաջին նման խորհրդակցությունն էր՝ երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների, ինչը հետաքրքիր ձևաչափ է։ Կարծում եմ՝ սա պետք է շարունակական լինի Հայաստանում և Արցախում։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց բնական է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարող լուծվել, լուծվում են որոշները և հիմք դրվում այլ հարցերի, որոնք պետք է լուծվեն ապագայում, նախանշվում ծրագրեր և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մարտի 12-ին Արցախում անցկացված Անվտանգության խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները, խորհրդարանների նախագահները և այլք։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ընդհանուր առմամբ Անվտանգության խորհրդի նիստին քննարկումներն անցել են բավականին արդյունավետ, խոսվել է հայկական երկու պետությունների համագործակցության խորացման, արտաքին քաղաքականության, այլ ոլորտներում համագործակցության մասին։

Հարցին, եթե ՀՀ վարչապետի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին առաջարկը մերժվեց, արդյո՞ք հաշվարկված են հետագա քայլերը, այս մասին անդրադարձ եղե՞լ է նիստի ընթացքում, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ երբ ՀՀ նոր իշխանությունները հայտարարել էին, որ անելու են հնարավորը, որպեսզի վերականգնեն բանակցությունների լիարժեք ձևաչափը, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակետը մասնակցի բանակցություններին, Արցախի Հանրապետութունն այդ հայտարարությունը ողջունել է։

«Սա ճիշտ է, այլ տարբերակ չկա, առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, այն էլ բոլոր հարթություններում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին, մտքերի փոխանակման, առավել ևս՝ ինչ-որ հարցերի քննարկմանն ու ծրագրերի մշակմանը, համաձայնագրերի պատրաստմանն ու կիրառմանը։ Այդ բոլոր հարթություններում պետք է մասնակցի նաև Արցախը։ Հայտարարությունը ողջունելու հետ միաժամանակ՝ ասել ենք, որ այն բարդ գործընթաց է լինելու՝ աշխատատար, քանի որ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու համար կա միայն մեկ խոչընդոտ, դա Ադրբեջանն է՝ իր քաղաքականության հետ միասին։

Պաշտոնական Բաքուն պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի այդ ձևաչափը չվերականգնի։ Սա բնական է, և այդպես էլ պետք է կանխատեսեինք, քանի որ 1997-98 թվականներից այդպես է։ Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի  նման բան տեղի չունենա, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է  հրաժարվենք այդ մտքից, ուշ թե շուտ դա հնարավոր է լինելու, մենք այս ուղղությամբ պարզապես պետք է աշխատենք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հաջորդ հարցին՝ նիստի ընթացքում հնչե՞լ են հակադիր կարծիքներ, թե՞ պարզապես յուրաքանչյուրն ասել է իր տեսակետը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ կան տարբեր մարդիկ, տեսլականներ և տարբեր կերպ են պատկերացնում այս կամ այն խնդրի լուծումը։

«Խոսքը չի վերաբերում  ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այստեղ որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Նիստը դրա համար է, որպեսզի տարբեր հարցերի շուրջ գան ընդհանուր հայտարարի, ինչպես լինում է ցանկացած խորհրդակցության ժամանակ։ Բնական է, որ կան տարբեր կարծիքներ, և յուրաքանչյուր կարծիք հիմնավորված է, պետք է բոլոր կարծիքները հաշվի առնել և  կիրառել ամենաարդյունավետ տարբերակը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս