Բրիտանական կառավարությունը ռազմավարություն է հրապարակել ի դեպս «կոշտ Brexit»-ի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռազմավարություն է հրապարակել ի դեպս առանց պայմանավորվածությունների Եվրամիությունից երկրի դուրս գալու՝ այսպես կոչված «կոշտ Brexit»-ի: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Իռլանդիայի երկու մասերի միջեւ ֆիզիկական սահմանի հայտնվելուց, ասված է փաստաթղթում։
Բրիտանիայի իշխանությունները պարտավորվել են լրացուցիչ ստուգումներ չանցկացնել այն ապրանքների ու քաղաքացիների նկատմամբ, որոնք իռլանդական սահմանը հատում են Օլսթերի ուղղությամբ: Կառավարությունում վերապահություն են անում, որ որոշ կատեգորիաների ապրանքների նկատմամբ կսահմանվեն նոր մաքսային կանոններ, բայց դրանք շատ չեն լինի:
Խոսքը վերաբերում է վտանգավոր քիմիկատներին, Կարմիր գրքում գրանցված կենդանիներին եւ անմշակ ալմաստներին, ինչպես նաեւ այն հարմարանքներին, որոնք կարող են օգտագործվել կտտանքների համար: Իռլանդիայից ստացվող ապրանքներին չեն վերաբերի ներմուծման նոր ժամանակավոր մաքսատուրքերը, որոնց սահմանման մասին բրիտանական կառավարությունը հայտարարել է մարտի 13-ին:
Ընդսմին ապրանքների համար կգանձվեն սովորական մաքսատուրքեր: Մինչդեռ Իռլանդիայի ուղղությամբ սահմանը հատող բրիտանական ապրանքների վրա կարող են լրացուցիչ մաքսատուրքեր դրվել: Կառավարությունում ամեն կերպ ընդգծում են, որ դրանք ժամանակավոր միջոցներ են, որոնք ձեռնարկվում են միակողմանի կարգով:
«Սրանք այն միակ միջոցներն են, որ Միացյալ Թագավորության կառավարությունը կարող է ձեռնարկել միակողմանի կարգով՝ խուսափելու ֆիզիկական սահմանի հայտնվելուց ԵՄ-ից առանց պայմանավորվածությունների Բրիտանիայի դուրս գալու դեպքում»,-ասված է հայտարարության մեջ:
BBC-ի բիզնես-վերլուծաբան Ջոն Քեմփբելը այն կարծիքին է, որ դա կարող է բերել բավականին անսովոր իրավիճակի: Օրինակ, մթերքների իռլանդացի արտահանողները, որոնք առեւտուր են անում Հյուսիսային Իռլանդիայի հետ, հաստատ ստիպված չեն լինի նոր մաքսատուրքեր վճարել, իսկ Իռլանդիայի հետ առեւտուր անող հյուսիսիռլանդացի ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, չեն խուսափի դրանից: ԵՄ-ից Մեծ Բրիտանտայի պլանավորված դուրս գալուն մնացել է 16 օր: