Բաժիններ՝

Զիդանը վերադարձել է երեք պայմանով

Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայում «Այաքսի» պարտությունից հետո անմիջապես զանգահարել է Զիդանին: Մարզչի վերադարձի համար նախագահը համաձայնել է բոլոր պահանջներին: Զիդանը երբեք չի թաքցրել, որ  սիրահարված է Մադրիդին, բայց նա պատրաստ էր աշխատել միայն իր համար կատարյալ կառուցվածք ունեցող ակումբում:

«Ես մի քանի առաջարկ ունեի, բայց չէի ուզում գնալ այլ թիմեր»,- ասուլիսում ասել է մարզիչը:

Ըստ AS-ի՝ ֆրանսիացին նշել է երեք հիմնական պայման, իսկ Պերեսը չի վիճարկել դրանք:

  • Թոփ մակարդակի վերադառնալու համար անհրաժեշտ են նոր աստղեր: Խոսքը երեք ուժեղ ֆուտբոլիստների մասին է (ինչպես, օրինակ, Կակայի, Ռոնալդուի և Բենզեմայի տրանսֆերները), և մի քանի միջին խաղացողներ՝ թիմն ամրապնդելու համար:

Զիդանի նախընտրությունների ցանկում են Մբապեն (ով արդեն ասել է, որ մնալու  է ՊՍԺ-ում ամռանը), Էդեն Ազարը, Մանեն և Պոգբան:

Մարզիչը չի պլանավորում արգելափակել կենտրոնական պաշտպան Միլիտոյի փոխանցումը, որի տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է՝ 50 միլիոն եվրոյով: Զիդանի ցանկում չկան Քեյնը և Նեյմարը, քանի որ մարզիչը կարծում է, որ նման գումարի դիմաց իրենք կարող են ավելի օգտակար ֆուտբոլիստներ գնել:

Զիդանի մյուս պահանջը թիմում Մարսելոյին պահելն է: La Stampa-ի տվյալներով՝ այս շաբաթ ֆրանսիացի մասնագետն անձամբ հանդիպելու է Մարսելոյին և քննարկելու է նրա հետ իր ապագան մադրիդյան ակումբում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելոն համաձայնեցրել է «Յուվենթուսի» հետ նախնական պայմանագիրը: Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմում ֆուտբոլիստը կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ զիջելով այն Սերխիո Ռեգիլոնին:

  • Զիդանը ցանկանում է առավելագույն լիազորություններ. ղեկավարությունը պետք է աջակցի իր բոլոր որոշումներին: Պատմություններն անցյալից չպետք է կրկնվեն: Օրինակ, երբ մադրիդյան ակումբը հրաժարվեց վաճառել Բեյլին: Մամուլը նշում է, որ սա Զիդանի հեռանալու պատճառներից մեկն էր: Մեկ այլ դեպք էր, երբ թիմը բանակցում էր դարպասապահ Կեպայի հետ՝ առանց մարզչի հետ պայմանավորելու (Զիդանը հիասթափվել էր, որ վերջինն էր  իմացել դարպասապահի հետ բանակցությունների մասին: Դարպասապահը, ի վերջո, գնաց «Չելսի»):
  • Զիդանն ասել է Պերեսին, որ բարձր աշխատավարձը կարևոր է, քանի որ այդ միջոցով ինքը կզգա, թե որքան կարևոր է թիմի համար: Ֆրանսիացին ուզում է ստանալ այնքան աշխատավարձ, ինչքան Գվարդիոլան կամ Սիմեոնեն (ավելի քան 20 միլիոն եվրո՝ մեկ տարում): AS-ը նշում է, որ նախորդ պայմանագրով Զիդանն անգամ ամենաբարձր վարձատրվող մարզիչների 10-յակում չկար (8,5 մլն եվրո՝ ըստ Forbes-ի):

Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Ռեալի»  մարզչի աշխատանքը տարբերվում է մեկ այլ ակումբում նույն պաշտոնում աշխատելուց:

««Ռեալում» պետք է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ, քանի որ ակումբն ունի շատ մեծ արժեք և նշանակություն: Դու պետք է մտածես ամեն ինչի մասին  միանգամից:

Մարզելը մեկ բան է, «Ռեալը» մարզելը՝ այլ: Ես կարող եմ խոսել այս մասին, քանի որ արդեն անցել եմ սրա միջով: Հիմա ես ուզում եմ սա նորից զգալ, քանի որ ես այստեղ եմ»,- ասել է Զիդանը:

Տպավորություն է, որ ամեն ինչ իրոք փոխվում է: Զիդանը մամուլի ասուլիսում ասել է, որ իր հեռանալու որոշումը շատ ճիշտ էր, քանի որ այն ժամանակ դա լավագույնը կլիներ թիմի համար՝ դա լավագույն որոշումն էր բոլորի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս