Թեհրանը «կոշտ պատասխան» կտա իրանական լցանավերը շրջափակելու Իսրայելի փորձերին
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին խոստացել է Իսրայելին կոշտ պատասխան տալ, եթե այդ երկրի ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի վաճառքը ծովուղիներում: Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Խաթամին նշել է, որ Իսրայելի նման գործողությունները «կգնահատվեն որպես ավազակություն» եւ «սպառնալիք միջազգային անվտանգությանը»:
«Եթե դա տեղի ունենա, Իրանն անխնա պատասխան կտա: Մեր երկիրը բավականաչափ հնարավորություններ ունի դիմադրություն ցույց տալու համար: Բացի դրանից, նաեւ համաշխարհային հանրակցությունը չի հանդուրժի նման գործողությունները (Իսրայելի կողմից)»,- հայտարարել է նախարարը:
Նա նաեւ հավելել է, որ «Իրանի զինված ուժերը կապահովեն միջազգային ծովային երթուղիների անվտանգությունն իրենց նավերի եւ բոլոր նրանց համար, ովքեր կհայտնվեն անվտանգության իրանական գոտում»:
Ծովում իրանական լցանավերի շրջափակման մասին մարտի 6-ին խոսել է Իսրայելի վարչապետ եւ պաշտպանության նախարար Բենիամին Նաթանյահուն: Նա նշել է, որ «Իրանը փորձում է իր դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցել ծովային ուղիով նավթի մաքսանենգ վաճառքի միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: