«Վստահ եմ՝ ՀՀ կառավարությունն ունի համապատասխան ճիշտ բանաձևը գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունները շարունակելու համար»․ Միրոսլավ Լայչակ

«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

Պատասխանելով հարցին, թե ով, ինչպես պետք է ներկայացնի ԼՂ բնակչությանը բանակցային գործընթացում, նա ասաց, որ մենք ունենք մի ամբողջ գործընթաց, որն անցկացվում է ըստ ավանդույթների և կարողանում է հանգել կոնկրետ արդյունքների։

Ըստ նրա, իհարկե, ՀՀ կառավարությունն է, որը պետք է որոշի ձևաչափերը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

«Մենք, կարծում եմ, բավական ժամանակ ենք հատկացրել այս խնդիրների քննարկմանը։ Վստահ եմ՝ ՀՀ կառավարությունն ունի համապատասխան ճիշտ բանաձևը գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունները շարունակելու համար»,- ասաց Լայչակը։

Զ. Մնացականյանը պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա բարձր մակարդակով հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ասաց, որ հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը շարունակել աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Նրա կարծիքով, հայկական կողմը կարողացել է ցուցադրել, թե ինչքան լրջորեն է միտված այդ գործընթացին, դեռ 2018 թվականի մայիսից շատ ակտիվորեն են ներգրավված եղել գործընթացին։ Նախարարն ասաց, որ վստահում են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին, որի շրջանակում այս քննարկումները տեղի են ունենում։

Մնացականյանն ընդգծեց, որ նույն ողջամտությամբ ակնկալում են հաջորդ փուլին՝ վստահ լինելով իրենց դիրքորոշումների հարցում այս ուղղությամբ։ Բանախոսն ասաց, որ շարժվում են դեպի կառուցողական նոր փուլեր։ Սակայն նախարար Մնացականյանը խուսափեց որևէ հստակ մեկնաբանություն տալ հանդիպման վայրի ու անցկացման ժամանակահատվածի վերաբերյալ՝ պնդելով, որ համաձայնեցումներից հետո պատշաճ ժամկետներում կողմերը կհայտնեն այդ մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս