
Լեյբորիստների առաջնորդը պահանջում է համընդհանուր ընտրություններ անցկացնել Մեծ Բրիտանիայում

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է համընդհանուր ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը մերժեց Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագիրը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է The Guardian-ը, Քորբինը նույնիսկ չի էլ հիշատակել Brexit-ի հարցի շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու հավանականությունը:
Մարտի 12-ին լեյբորիստները գործնականում ամբողջ կազմով հրաժարվեցին պաշտպանել վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկված համաձայնագրի տարբերակը: Մարտի 13-ին Լեյբորիստական կուսակցությունը, ինչպես հայտարարել է Քորբինը, պատրաստվում է դեմ քվեարկել առանց ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի Brexit-ի հնարավորությունը:
Եթե խորհրդարանի անդամները պաշտպանեն առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալը, ապա Brexit-ը կկայանա 2019 թվականի մարտի 29-ին՝ առանց Բրյուսելի հետ որեւիցե պայմանավորվածության: Իսկ եթե պատգամավորները մերժեն առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու հնարավորությունը, ապա նրանց հարկ կլինի անցկացնել եւս մեկ քվեարկություն: Մարտի 14-ին նրանք կորոշեն, թե Լոնդոնը պետք է արդյոք Բրյուսելին խնդրի հետաձգել Brexit-ի ամսաթիվը:
Բրիտանական բիզնեսի ղեկավարները, ներառյալ առաջատար գործարար ասոցիացիաների ներկայացուցիչները, կոչ են արել թույլ չտալ Եվրամիությունից երկրի դուրս գալը՝ առանց հետագա համագործակցության պայմանները համաձայնեցնելու: Բրիտանական արդյունաբերության համադաշնության գլխավոր տնօրեն Քերոլին Ֆերբյոռնը վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցողը համեմատել է կրկեսի հետ, հավելելով, որ «բոլոր երկրներից պահանջվում է նոր մոտեցում, քանի որ դրանից աշխատատեղեր ու կյանքեր են կախված», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: