Բաժիններ՝

«ՀՀ վարկի վրա «Լիդիան Արմենիայի» հետ կապված այս ամբողջ պատմությունն արդեն իսկ ազդել է». Բաբկեն Թունյան

Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունը ՀՀ քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ՝ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և Ամուլսարի ոսկեբեր կվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն իրականացնելու համար:

Փորձաքննության արդյունքները կամփոփվեն պայմանագրի կնքումից հետո 12 շաբաթվա ընթացքում:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը կառավարության հետ օրենքի շրջանակներում բաց համագործակցության պատրաստակամություն հայտնեց, սակայն մարտի 11-ին հայտարարություն տարածվեց, որ «Լիդիանը» պաշտոնապես տեղյակ է պահել ՀՀ կառավարությանը, որ Lydian UK-ը և Lydian Canada-ն կարող են վեճ ներկայացնել միջազգային արբիտրաժ: Միևնույն ժամանակ նշվեց, որ ՀՀ կառավարության համար բաց են «Լիդիանի» հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները:

168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեց` եթե «Լիդիանը» դիմի միջազգային արբիտրաժ, դա ինչպե՞ս կազդի ՀՀ հեղինակության վրա:

«Բնականաբար, վատ կազդի: Ավելին՝ ՀՀ վարկի վրա «Լիդիան Արմենիայի» հետ կապված այս ամբողջ պատմությունն արդեն իսկ ազդել է: Ես հուսով եմ, որ կառավարությունն իր գործողությունները հնարավորինս արագ կկազմակերպի, և խնդիրը կլուծվի առանց գործը դատական ատյաններին հասցնելու»,- ասաց Բ.Թունյանը:

Ըստ նրա՝ կառավարությանը վերջնական որոշում ունենալու համար անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննության պատասխանը. «Կառավարությունն ուզում է նոր անկախ փորձաքննության հիման վրա հասկանալ` իրականում ինչ է տեղի ունեցել, և այն ռիսկերը, որի մասին խոսվում է, ինչքանով են համապատասխանում իրականությանը: Իհարկե, դա ժամանակ է պահանջում, որը բիզնեսի վրա թանկ արժի, բայց կառավարության դիրքորոշումն էլ է հասկանալի, որովհետև ինչ-որ վստահելի փաստաթուղթ պետք է լինի, որի հիման վրա կարողանան որոշում կայացնել»:

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ «Լիդիանի» կողմից միջազգային արբիտրաժ նման վեճ ներկայացնելը ոչ մի կերպ չի ազդի ՀՀ հեղինակության վրա. «Բոլոր երկրներում էլ ներդրողները միջազգային արբիտրաժ են դիմում, երկրները պաշտպանվում են, և այլն: Դա միայն Հայաստանում չէ, ողջ աշխարհում ներդրողները, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում, խնդիրներ են ունենում»:

Նա նշեց, որ կառավարությունն ավելի վաղ չէր կարող փորձաքննություն պատվիրել, որովհետև միջոցների խնդիր կար. «Կառավարությունը 396 հազար դոլար հատկացրեց իր սուղ միջոցներից, որ օբյեկտիվ իրականությունը հանրությանը հայտնի դառնա: Եթե ավելի շուտ ֆինանսական միջոցներ լինեին, ավելի արագ կընթանար գործընթացը: Բայց «Լիդիանի» իրավունքն է, եթե շտապում են դիմել արբիտրաժ, դրա արդյունքում կառավարության համարաժեք գործողությունները կլինեն, քանի որ կառավարությունն էլ իր հակափաստարկներն ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս