Հղիության ընթացքում յուրաքանչյուր սիգարետը կրկնապատկում է երեխայի մահվան ռիսկը. գիտնականներ

Հղիության ընթացքում ծխելը զգալիորեն մեծացնում է երեխայի հանկարծական մահվան (ԵՀՄ) ռիսկը: Դա հաստատել է այն հետազոտությունը, որն անցկացրել են ԱՄՆ-ի մի շարք գիտական կենտրոնների, այդ թվում՝ Սիեթլի Մանկական հետազոտական ինստիտուտի (ՄՀԻ), ԱՄՆ-ի թոքաբանների ասոցիացիայի, Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի, ինչպես նաեւ Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետները: Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակված են Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի պաշտոնական հանդեսում։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ԵՀՄ-ի դեպքերի 23-ից մինչեւ 34 տոկոսը տեղի է ունենում այն պատճառով, որ կանայք ծխում են հղիության շրջանում: Այդ կապակցությամբ ՄՀԻ-ի նյարդաբան Տատյանա Անդերսոնը ընդգծել է, որ ոչ մի սիգարետ անհետեւանք չի մնում, եւ «բժիշկները պարզապես պարտավոր են պացիենտներին տեղեկացնել հղիության ժամանակ ծխելը շարունակելու վտանգի մասին»:

Հետազոտության հեղինակները նաեւ ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ապագա մոր ծխելը կարող է հանգեցնել մանկիկի քաշի նվազեցմանը 20 տոկոսով: Բացի այդ, այն զգալիորեն մեծացնում է երեխայի մոտ այնպիսի վտանգավոր հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են՝ ասթման, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիան, ճարպակալումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս