«Մինսկի խմբի հայտարարությունը պետք է անհանգստացներ օրվա իշխանություններին, բայց տեղի է ունեցել հակառակը՝ բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները». Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, լավագույն դեպքում՝ կա միայն Արցախի հիմնահարցը։

«Հայաստանն առ այսօր ընդամենն արձագանքային դիրքորոշում ունի։ Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, հույս ունեի, որ ՀՀ նոր իշխանությունները կազդարարեին, որ երկրի արտաքին քաղաքականությունը, նույնիսկ նրա որդեգրած փաստաթղթերը ենթակա են վերանայման։ Քանի որ Հայաստանն անկախ հռչակելուց հետո անտարբերություն է հանդես բերել, մասնավորապես՝ անկախությունը ոչնչացրած միջազգային փաստաթղթերի նկատմամբ»,- ասաց Պ. Հայրիկյանը։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ այնտեղ որևէ նորություն չկար, և այդ հայտարարությամբ պետք է անհանգստանան միայն օրվա իշխանությունները։

«Սակայն տեղի է ունեցել հակառակը՝ բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները։ Այն, ինչ ասված է այդ հայտարարության մեջ, մշտապես ասվել է և ընդհանուր առմամբ հենվում է Հելսինկյան համաձայնության դրույթներին։ Այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը կապված է ներկայիս իշխանությունների նախաձեռնության ցանկության հետ, այն է՝ ձևաչափը փոխելու ցանկությունը։ Այդ հայտարարության մեջ ուղղակի ասված էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող միայնակ նման որոշում կայացնել, և այն պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ, սա իսկապես օրվա իշխանություններին պետք է մտահոգություններ պատճառեր»,- ընդգծեց Պ. Հայրիկյանը։

Նրա բնորոշմամբ՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը մնում է՝ որպես ցանկություն, այլ ոչ թե՝ նախաձեռնություն, հակառակ դեպքում՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կհայտարարեին, որ իրենք չեն մասնակցելու որևէ քննարկման, քանի դեռ Արցախը չի դարձել Հայաստանի մաս։

«Բայց այսքանից հետո հայտարարվում է, թե հանդիպում է եղել Ալիևի հետ, և նա շատ ինտելիգենտ մարդու տպավորություն է թողել, ինչը նշանակում է, որ վարչապետը նահանջել է իր նախնական հեղափոխության դիրքրոշումից, այդ դեպքում պետք է պարտվի»,- նշեց Պ. Հայրիկյանը։

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ Արցախի հարցի հետ կապված որևէ առաջարկ, քայլ կամ այլ գործողություն որևէ հանգրվանի չի հասել, քանի որ հակամարտությունը դեռևս շարունակում է մնալ չկարգավորված։

Խոսելով Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը, Պարույր Հայրիկյանը նկատեց՝ այստեղ խորհրդանշական ինչ-որ բան է տեսնում, դրանով վարչապետը միջազգային հանրությանը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանին ու Արցախին առանձին չի տեսնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս