
Գուայդոն վենեսուելացիներին կոչ է արել բողոքի ազգային օր անցկացնել

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ազգային օր անցկացնել:
«Այսօր՝ մարտի 12-ին, ցերեկվա ժամը 3-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) ես բոլոր վենեսուելացիներին կոչ եմ անում դուրս գալ իրենց մերձակա փողոցներն ու պողոտաները: Բռնատիրության դադարեցումը կախված է փողոցներում մեր զանգվածային ու կազմակերպված ելույթներից»,-գրել է նա Twitter-ում: Ընդդիմության առաջնորդի կոչը հնչել է Վենեսուելայում էներգամատակարարման համակարգի շարունակվող խնդիրների ֆոնին: Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում, որը բավարարում է երկրում էլեկտրականության պահանջմունքի 80 տոկոսը:
Դրան հետեւած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինաամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել էր 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի եւ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության եւ ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին: Կարակասի մետրոն, որն ավելի վաղ օրական սպասարկում էր միլիոնավոր մարդկանց, փակ է մնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: