
ԿԺԴՀ-ն միջուկային զինաթափման և ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

ԿԺԴՀ-ն մտադիր է կատարել միջուկազերծմանն ուղղված իր պարտավորությունները եւ պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ԿԺԴՀ-ի «Ուրիմինչժոկիրի» («Մեր ազգի հետ միասին») լրատվական պորտալը մարտի 12-ին հայտնել է «Լիակատար միջուկազերծման հասնելը մեր անսասան դիրքորոշումն է» վերտառությամբ հոդվածում:
«Մեր հաստատուն դիրքորոշումը ենթադրում է երկու երկրների (ԿԺԴՀ եւ ԱՄՆ) միջեւ նոր հարաբերությունների կառուցում՝ նոր դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատում եւ շարժում դեպի լիակատար միջուկազերծում»,-ընդգծել են մեկնաբանության հեղինակները:
Հոդվածում նաեւ նշվում է, որ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի վերջին Հանոյում, կողմերը եկել են «արդյունավետ երկխոսությունը շարունակելու» համաձայնության՝ քննարկվող հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: