Բաժիններ՝

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողություն

Վիեննայում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունում մարտի 11-ին  տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ժողովրդավարության պաշտպանի մրցանակը տրվում է ամեն տարի ԵԱՀԿ տարածաշրջանից ընտրված մեկ հասարակական կազմակերպությանը՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ծանրակշիռ ներդրման համար: Այս տարի մրցանակը հանձնվել է  ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի անունից:

Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առաջմղման ոլորտում կատարած աշխատանքների համար: ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ մրցանակը հանձնել են հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Արարողության ընթացքում ընդգծվել է քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացի գործում, գնահատվել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության համար ստեղծված բարենպաստ միջավայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս