Boeing-ը նորացված ծրագրային ապահովում կներկայացնի 737 MAX հանրանավերի համար
Boeing ամերիկյան ընկերությունը մտադիր է նորացված ծրագրային ապահովում ներկայացնել Boeing 737 MAX ինքնաթիռների համար՝ կապված 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիաաղետի հետ: Այդ մասին ասված է ընկերության՝ մարտի 11-ին հրապարակված հայտարարության մեջ: Ինչպես նշվում է փաստաթղթում, Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո անցած մի քանի ամսվա ընթացքում Boeing-ում «վերափոխված ծրագրային ապահովում են մշակել Boeing 737 MAX-երի թռիչքի կառավարման համար»:
Ընկերությունը հավաստիացրել է, որ ձգտում է «անվտանգ ինքնաթիռներն ավելի անվտանգ դարձնել»: Boeing-ում ընդգծել են, որ ընկերությունը նորացված ծրագրային ապահովման մշակման գործում «սերտորեն գործակցում է ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչության հետ, եւ այն 737 MAX ինքնաթիռներում տեղակայվելու է առաջիկա շաբաթներին»:
Ընկերությունում ցավակցություն են հայտնել մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «հետաքննությունը դեռեւս վաղ փուլում է», եւ Boeing-ի ներկայացուցիչները «հույս ունեն հասկանալ տեղի ունեցած պատճառները»:
Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում էր Նայրոբի եւ ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդամենը ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: