Թուրքիայի պատասխանը ԱՄՆ-ին. «Մեզ համար ձեր սպառանալիքները դատարկ և անտրամաբանական են»
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կոշտ կերպով է արձագանքել վերջին օրերին ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք զգուշացնում են Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու դեպքում։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նախ Չելիքը հիշեցրել է Վաշինգտոնին, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային մատակարարել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերը: Եվ դա այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավային սահմանները «վտանգի տակ էին»։
Թուրք պաշտոնյան նկատել է տվել, որ ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրի մատակարարել է S-300 և այդ ժամանակ Վաշինգտոնը չէր ընդդիմացել, մինչդեռ հենց հերթը հասավ Թուրքիային, սկսեց «սպառնալիքներ հնչեցնել»։
«Մեզ համար դրանք դատարկ և անտրամաբանական սպառնալիքներ են։ Մենք չենք սպասելու ոմանց քմահաճույքներին»,-եզրափակել է ԱԶԿ-ի խոսնակը։