Էդմոն Մարուքյանը պնդում է՝ կառավարությունը կրկին խախտել է Սահմանադրությունը. նախարարի ժամանակավոր պաշտոնակատարները իրավունք չունեին մասնակցել ԱԺ նիստին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին պնդում է՝ կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ՝ սահմանված ժամկետում ՀՀ նախագահին չեն ներկայացվել 18 նախարարների թեկնածությունները, այլ միայն ներկայացրել են 12-ը, հետևաբար՝ խախտվել է պարտադիր նորմը:
Ավելին, ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Մարուքյանը, դրանից հետո երկրորդ խախտումն է եղել՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարները մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, թեև իրավունք չունեին ներկա գտնվել ԱԺ նիստերի դահլիճում, սակայն անգամ պատգամավորների հարցերին են պատասխանել: Ըստ նրա՝ դա ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդվածի խախտում է:
Է.Մարուքյանը նշեց, որ իրենք պատրաստում են կառավարության կառուցվածքի վերաբերյալ այլընտրանքային առաջարկություն՝ պահպանել մի քանի նախարարություններ՝ գյուղատնտեսության, մշակույթի և էներգետիկայի, իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունը և ՊԵԿ-ը վերադարձնել կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով:
«Տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով»,- ասաց Է.Մարուքյանը՝ կողմ արտահայտվելով միայն ուռճացված ապարատների կրճատմանը: