
Եթովպիայում ավիաաղետից զոհվել է ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների 19 աշխատակից

Նախնական տվյալներով՝ ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների 19 աշխատակից է զոհվել Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից, որը 157 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): «Նախնական տվյալներով՝ զոհվել է ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների անձնակազմի 19 ներկայացուցիչ»,- ասված է կազմակերպության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում էր Նայրոբի եւ ընկել է թռիչքից վեց րոպե անց:
Ընդամենը ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: