Բաժիններ՝

DataArt-ն ու Ալեքսիս Օհանյանը` Հայաստանում. Շաբաթը՝ հայկական ՏՏ-ում

Անցնող շաբաթվա ընթացքում հայկական ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտը հագեցած էր հետաքրքիր նորություններով:

1. Renderforest-ը՝ Joomla-ի առաջին պաշտոնական գործընկերը

Ինչպես 168.am-ը արդեն պատմել է, օրեր առաջ Renderforest-ը դարձավ Amazon Web Services-ի տեխնոլոգիական գործընկեր։ Հայկական սթարթափը հանրահայտ Amazon AWS-ի առաջին գործընկերն է ՀՀ տարածքից՝ տվյալ կատեգորիայում։

Amazon-ը բազմազգ տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնանում է ecommerce-ի (էլեկտրոնային առևտուր), ամպային հաշվարկների և արհեստական բանականության վրա։ Ընկերությունը ունի աշխարհի ամենախոշոր էլեկտրոնային առևտրի շուկան և հանդիսանում է ամենամեծ ամպային հաշվարկային պլատֆորմը:

Վերջերս Renderforest-ը հայտարարեց իր գործընկերության մասին նաև Joomla ընկերության հետ։ Joomla-ն ազատ և բաց կոդով վեբ բովանդակության կառավարման համակարգ է, որը ստեղծվել է Open Source Matters, Inc.-ի կողմից:

Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող հարթակ է։

2. DataArt-ը կլինի Հայաստանում

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան:

Երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի Միջին Ասիական շուկա:

DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:

Մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ:

Նշենք նաև, որ DataArt-ը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն:

3. Ալեքսիս Օհանյանը կմասնակցի ՏՏ համաշխարհային համաժողովին

Հայաստանում հոկտեմբերի 6-9-ին կկայանա ՏՏ համաշխարհային համաժողովը:

Համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

4. Հայաստանը կմասնակցի «VivaTech 2019»-ին

Մայիսի 16-18-ին Փարիզում տեղի կունենա Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը` Viva Technology 2019։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը և G2iA-ն ապահովելու են «Viva Technology» միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։

«ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը «VivaTech 2019»-ում լավագույնս ներկայացնելու ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս