
Հայաստանում կենդանի ու ոչ կենդանի դոնորներից երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կսկսվի

Հայաստանի Հանրապետությունում երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր է սկսվելու՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Այս մասին «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսության ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք: Ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։ Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։
Այնուհետև նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի և ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների և այլ թեմաների շուրջ։