«Համանախագահները փորձեցին գծել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո տեղի ունենալիք գործընթացի սահմանները»․ Լուկիանով

«Համանախագահները փորձեցին զսպել կողմերի ակնկալիքները բանակցային գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ այսօր տարածած հայտարարությանը Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպմանն ընդառաջ։

Նշենք նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարություններին, որոնք չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նաև ասվում է, որ խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ՝ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ամփոփելով նախորդ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանը, համանախագահները որոշեցին համապարփակ հայտարարությամբ՝ հակամարտող երկու կողմերին ուղղված գնահատականներով և ուղերձներով, հստակություն մտցնել պաշտոնական գործընթացում, որը սպասվում է առաջիկայում։

Ըստ նրա՝ նախորդ շրջանը, երբ տեղի ունեցան երեք ոչ պաշտոնական հանդիպումները, այդ թվում՝ Դուշանբեի համաձայնությունը, կարծես դուրս էր եկել համանախագահների ուղիղ վերահսկողությունից, հանդիպումները տեղի էին ունենում առանց համանախագահների մասնակցության և առանց նրանց կողմից ծրագրման։

«Ուստի այս անդրադարձն ամենևին պատահական չէր։ Համանախագահները փորձեցին գծել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո տեղի ունենալիք գործընթացի սահմանները։ Չնայած դիտարկումներին, թե հանդիպումը չի ունենալու հստակ օրակարգ կամ ունենալու է օրակարգ կողմերից մեկի ցանկությամբ, ՄԽ համանախագահներն ըստ էության իրենք հստակեցրին օրակարգը, անդրադարձան կարգավորման սկզբունքներին ու տարրերին, որոնց շուրջ տարատեսակ տեղեկություններ էին տարածվում՝ խեղաթյուրելով հանրային կարծիքը։ Համանախագահները փորձեցին զսպել կողմերի ակնկալիքները բանակցային գործընթացից։ Ուղերձներ կան թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, որոնք վերաբերում են ռազմատենչ հռետորաբանության բացառմանն ու ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու մասին հայտարարություններին։ Ես ընկալում եմ, որ սրանով ՄԽ օրակարգը թելադրեցին, քանի որ վերջին շրջանում այն հստակ չէր»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը։

Ըստ նրա՝  նկատելի է, որ հայկական կողմը սկսել է վերհիշել նախկին պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին, որոնց մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարծես «մոռացել» են։

«Հայկական կողմը գտնում է, որ այս ճանապարհով է պետք առաջ շարժվել, որի մասին մենք հաճախ ենք խոսել՝ որպես անհրաժեշտ միջոցառումներ բանակցությունների շարունակականության համար։ Բայց համանախագահների բառապաշարից այս համաձայնությունները դուրս են եկել, որովհետև Հայաստանը, լինելով միակ շահագրգիռ կողմը դրանց համար, չէր խոսում այս պայմանավորվածությունների մասին։ Ուստի ներկայումս պետք է վերսկսի աշխատել համանախագահների հետ այս համաձայնություններն ակտիվ օրակարգ վերադարձնելու ուղղությամբ։ Չնայած այս հայտարարություններին, ես լուրջ ակնկալիքներ չունեմ առաջիկա հանդիպումներից ու բանակցություններից»,- ասաց Լուկիանովը։

Ռուս փորձագետը գտնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և հակամարտության գոտում նոր սպառնալիքներ ու վտանգներ չկան։ Վտանգները, ըստ նրա, նույնն են, ինչ մի քանի տարի առաջ։

Տեսանյութեր

Լրահոս