
ԱՄՆ-ում շները հոշոտել են երկու տարեկան երեխային

Ընտանի երկու շուն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հայ Սփրինգս քաղաքում հոշոտել են երկու տարեկան երեխային և կծել են նրա տատիկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել ընտանեկան սեփականություն համարվող տարածքում: Կինը փորձել է պաշտպանել երեխային, սակայն վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Տատիկին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպը:
«Սա աննախադեպ ողբերգություն է ընտանիքի համար: Մեր հետաքննությունը կհստակեցնի այն փաստերը, որոնք հանգեցրել են հարձակման, սակայն ոչ մի պատասխան չի կարող փոխհատուցել կորուստը»,- ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:
Կենդանիների վերահսկողական ծառայությունը տարել է շներին: 10 օրվա ընթացքում նրանց հետազոտելու են՝ պարզելու համար, թե արդյոք կատաղությամբ վարակված են, թե ոչ: Ժամկետի ավարտից հետո շներին կքնեցնեն: