«Գիշերային ծառայությունները չափազանց դրական արդյունք է տվել». Վալերի Օսիպյան
Մարտի 9-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վալերիյ Օսիպյանը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, խոսեց ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի և դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարևորեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգևավճարներով խրախուսելու և մի շարք այլ խնդիրներ:
Քննարկվող հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետն ու ֆինանսաբյուջետային վարչության պետը:
Ոստիկանության պետը նշեց, որ թեև հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ, սակայն պետք է չթուլացնել աշխատանքն ու նույն ինտենսիվությամբ շարունակել ծառայել՝ շեշտը դնելով հատկապես օպերատիվ գործունեության որակական բարելավման վրա:
Վալերիյ Օսիպյանի խոսքով՝ չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները, որոնց ընթացքում թե՛ կանխվում, թե՛ բացահայտվում են հանցագործություններ:
Կարևորվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աշխատանքների ուժեղացումը:
Ծառայությունը պետք է առավել արդյունավետ կազմակերպել նաև կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետը հակիրճ ներկայացրեց նաև ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները:
Խորհրդակցության ավարտին 2018 թվականին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով: